ԱՄԿ-ն կոչ է անում խթանել աշխատաշուկայի ակտիվ քաղաքականությունը և զբաղվածության պետական ծառայությունների դերը՝ նախապատրաստվելով Հայաստանի սոցիալական աջակցության ոլորտի խոշոր բարեփոխմանը

Խոցելի խմբերի աշխատաշուկայում ինտեգրումը հանդիսանում է Հայաստանի համար սոցիալական աջակցության խոշոր բարեփոխումներին նախապատրաստման գլխավոր առաջնահերթություններից մեկը, որի վրա կենտրոնացված է աշխատաշուկայի ակտիվ քաղաքականության զարգացումը և զբաղվածության պետական ծառայությունների բարելավումը:

12 մարտի 2025

Content also available in: English русский

2025 թվականի մարտի 12 ԵՐԵՎԱՆ– Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) մարտի 12-ին Երևանում կազմակերպեց աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր քննարկել աշխատաշուկայի ակտիվ քաղաքականության (ԱԱՔ) զարգացումը և զբաղվածության պետական ծառայությունների (ԶՊԾ) դերի ամրապնդումը սոցիալական աջակցության նոր բարեփոխման համատեքստում։ Այս միջոցառումը տեղի ունեցավ Կոտայքի և Սյունիքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգի փորձնական ներդրումից առաջ և համախմբեց հիմնական շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ), Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ), Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչներին։

A group of people sitting at tables
© ILO
© ILO

Բացման խոսքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը շեշտեց, որ Հայաստանը փորձարկում է անապահովության գնահատման նոր մոդել, որը նպատակ ունի ոչ միայն վերլուծել մարդկանց կարողություններն ու հնարավորությունները, այլև աջակցել նրանց՝ հաղթահարելու իրենց առջև ծառացած մարտահրավերները՝ միաժամանակ ուժեղացնելով զբաղվածության մասնագետների մասնագիտական հմտությունները և նպաստելով համակցված քաղաքականությունների մշակմանը։

Քանի որ բարեփոխումը խստացնելու է սոցիալական օգնության համար որակավորման չափանիշները և շահառուներին պարտադրելու է աշխատանք փնտրել, խոցելի խմբերի աշխատաշուկայում ինտեգրման աջակցությունը դարձել է հրատապ խնդիր։ Քննարկումները կենտրոնացան խոցելի խմբերի զբաղվածության խթանման վրա՝ ԱԱՔ-ի և ԶՊԾ-ների միջոցով։ Մասնակիցները ակտիվորեն քննարկեցին աշխատանքների համապատասխանեցման արդյունավետության բարձրացման, գործատուների հետ կապերի ամրապնդման, ԱԱՔ-ի գործառնություններին աջակցող տեղեկատվական համակարգերի զարգացման և ՄՍԾ զբաղվածության մասնագետների կարողությունների մեծացման հնարավորությունները։ Հանդիպումը վարեցին ԱՄԿ զբաղվածության ավագ մասնագետ Կազուտոշի Չատանին և ԱՄԿ աշխատաշուկայի ծառայությունների տեխնիկական մասնագետ Աննա-Կարին Պալմ Օլսոնը։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերահաստատեց իր հանձնառությունը՝ ապահովելու սոցիալական պաշտպանության և զբաղվածության քաղաքականությունների միջև արդյունավետ կապը։ Նախարարությունը մշակել է նոր զբաղվածության ծրագրեր, որոնք համապատասխանում են աշխատաշուկայի պահանջներին, ինչպես նաև վերջնական փուլում է զբաղվածության ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի մշակումը, որի նպատակն է խոցելի խմբերի համար նոր զբաղվածության հնարավորությունների ապահովումը, ներառյալ հասարակական աշխատանքների ծրագրերը։ Բացի այդ, նախարարությունը նշեց, որ նախատեսում է բարեփոխել վարչարարական գործընթացները և թվայնացնել զբաղվածության ծառայությունները։

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանը վերլուծեց սոցիալական օգնությունից կախվածության խնդիրը՝ այն դիտարկելով արժանապատիվ աշխատանքի պակասի ավելի լայն համատեքստում։ Նա առաջարկեց ավելի համապարփակ մոտեցում՝ սոցիալական օգնության շահառուներին խոցելիությունից դուրս բերելու համար։ Մանասերյանը շեշտեց, որ արժանապատիվ աշխատանքի հնարավորությունների և աշխատանքային պայմանների բարելավումն էական նշանակություն ունի սոցիալական օգնության կախվածությունը նվազեցնելու համար, քանի որ սոցիալական օգնության շահառուները ֆինանսական աջակցությունից բացի նաև ստանում են սուբսիդավորվող կրթություն, առողջապահական և տրանսպորտային ծառայություններ։

ՀԳՀՄ գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը անդրադարձավ ակտիվացման ծրագրերին՝ մասնագիտացված աշխատուժի պակասի աճող խնդիրների համատեքստում։ Նա առաջարկեց խթաններ ստեղծել գործատուների ներգրավվածությունն ապահովելու համար, ինչպես նաև ընդգծեց ակտիվացման ծրագրերում արդյունավետության և արդյունքներին ուղղված մոտեցման կարևորությունը։ Գործատուների ներկայացուցիչը հետաքրքրվածություն հայտնեց՝ ուսումնասիրելու ակտիվացման ծրագրերի լավագույն փորձը և աշխատաշուկայի վարչարարության թվայնացման միջազգային փորձը։

ՄՍԾ ներկայացուցիչները ներկայացրեցին խոցելիության նոր գնահատման համակարգին աջակցելու իրենց նախաձեռնությունները, որոնք ներառում են սոցիալական աշխատողների և զբաղվածության մասնագետների միջև ավելի լավ համագործակցություն և դեպքերի համատեղ վարում։ ՄՍԾ-ն նաև նշեց, որ սոցիալական օգնության երկարաժամկետ շահառուները կարիք ունեն զբաղվածության մասնագետների կողմից անհատականացված աջակցության, ինչը պահանջում է բազմազան զբաղվածության ծրագրերի համակցում՝ նրանց աշխատանքի տեղավորման գործընթացը դյուրացնելու համար։

A group of people sitting at tables in front of a projection screen
© ILO
© ILO

Թվային նորարարությունը կարևոր դեր ունի աշխատատեղերի հասանելիության բարելավման հարցում։ Ղազախստանի Աշխատուժի զարգացման կենտրոնի ղեկավարը ներկայացրեց առաջատար թվային զբաղվածության հարթակ, որը համատեղում է աշխատանքի, սոցիալական պաշտպանության, հմտությունների զարգացման, ներքին միգրացիայի և աշխատանքի տեսչության հարթակները։ Նույնպես, «Նորք» տեխնոլոգիական կենտրոնը նպատակ ունի համատեղել զբաղվածության հարթակները սոցիալական և տնտեսական աջակցության այլ համակարգերի հետ՝ ապահովելու համար ավելի համակցված փորձ աշխատանք փնտրողների և գործատուների համար Հայաստանում։

ԱՄԿ մասնագետները կարևորեցին զբաղվածության մասնագետների կարողությունների ամրապնդման անհրաժեշտությունը՝ մասնագիտական զարգացմամբ, գործառնությունների թվայնացմամբ և բավարար ռեսուրսների տրամադրմամբ։ Մասնակիցները պայմանավորվեցին հետևել նոր աղքատության գնահատման համակարգի փորձարկման ընթացքում առաջացող մարտահրավերներին և համապատասխանաբար պլանավորել աշխատաշուկայում անհրաժեշտ միջամտությունները ։

Միջոցառումը կազմակերպվել է ԱՄԿ կողմից ֆինանսավորվող «ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստականների հետ կապված ճգնաժամի համատեքստում» ծրագրի շրջանակներում։

Relevant projects

ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ,...
Two men holding boxes of fruits

ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ,...