Op-ed
Տնային տնտեսության աշխատողների միջազգային օրը հիշեցնում է մեզ․նրանց իրավունքներն կարևոր են։
Տնային տնտեսության աշխատողների օրը նշելու կապակցությամբ Աշխատանքի միջազգային կազմակերպության արժանապատիվ աշխատանքի թիմի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Միխայիլ Պուշկինը և Վրաստանում ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչն է և Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատասխանատու Կաորի Իշիկավան համատեղ հեղինակել են այս հոդվածը։
20 հունիսի 2025
Մենք նշում ենք 2011 թվականին ընդունված «Տնային տնտեսության աշխատողների մասին» կոնվենցիայի (No. 189) 14-ամյակը։ Այս շրջադարձային փաստաթուղթն առաջինն է, որ միջազգային մակարդակով ճանաչում է տնային տնտեսության համար կատարվող աշխատանքը որպես իրական աշխատանք։ Այն կոչ է անում ապահովել տնային տնտեսության աշխատողներին լիարժեք աշխատանքային և սոցիալական պաշտպանությամբ։ Չնայած այս առաջընթացին՝ աշխարհում դեռ միլիոնավոր տնային տնտեսության աշխատողներ աշխատում են դժվարին պայմաններում՝ չունենալով իրենց արժանապատվության, իրավունքների իրացման և պաշտպանության բավարար երաշխիքներ։
Հայաստանում 2022 թվականին տնային տնտեսության աշխատողների թիվը ոչ գյուղատնտեսական ոլորտում աճել է 55 տոկոսով՝ հասնելով ամենաբարձր մակարդակին 2016 թվականից ի վեր։ Այս աճը պայմանավորված է միգրացիայով և փախստականների ներհոսքով, ինչպես նաև այն հանգամանքով, որ ավելի շատ կանայք են սկսել աշխատել տնային տնտեսություններում։
Ամբողջ աշխարհում ավելի քան 75 միլիոն տնային տնտեսության աշխատողներ իրենց անփոխարինելի ներդրումն են ունենում մեր հասարակություններում՝ աջակցելով ընտանիքներին, աշխատավայրերին և տնտեսություններին։ Նրանց մեծամասնությունը՝ 76.2 տոկոսը, կանայք են, որոնց աշխատանքը կարևոր նշանակություն ունի, սակայն հաճախ բավարար չի գնահատվում, և չի ապահովվում նրանց պատշաճ պաշտպանությունը։ Տնային տնտեսության աշխատողների մեծ մասը գործունեություն է ծավալում ոչ ֆորմալ տնտեսություններում՝ հաճախ աշխատելով առանց գրավոր պայմանագրի կամ աշխատանքային պայմանների հստակեցման։ Նրանք հիմնականում աշխատանք են գտնում ոչ ֆորմալ ծանոթությունների միջոցով, ինչը մեծացնում է շահագործման կամ վատ աշխատանքային պայմաններ ունենալու վտանգը։ Ավելի ու ավելի շատ երկրներ են բախվում «խնամքի ճգնաժամին», քանի որ բնակչությունը ծերանում է, իսկ խնամքի կարիքները չեն բավարարվում։ Խնամքի տնտեսությունը, որը ներառում է նաև տնային տնտեսության համար կատարվող աշխատանքը, շարունակում է լինել աշխարհի ամենաարագ զարգացող ոլորտներից մեկը։ Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը 2.3 միլիարդ մարդ խնամքի ծառայությունների կարիք կունենա։ Այդ ծառայություններից շատերը մասնավոր տնային տնտեսություններում են մատուցվելու՝ տնային տնտեսության աշխատողների կողմից։
Այսօր տնային տնտեսության համար կատարվող աշխատանքը կարևոր է, քան երբևէ։ Այն ամեն ժամ, ամեն օր և ամեն շաբաթ իրականացվող խնամքի աշխատանքն է, որը մեզ հնարավորություն է տալիս առաջ շարժվել՝ հատկապես ճգնաժամի ժամանակ։
Բայց տնային տնտեսության համար կատարվող աշխատանքը շարունակական անտեսված լինելը խոչընդոտում է տնային տնտեսության աշխատողների իրավունքների և պաշտպանության ապահովմանն ամբողջ աշխարհում։ Նրանց առնվազն 81 տոկոսը մնում է ոչ ֆորմալ աշխատաշուկայում, ինչի հետևանքով նրանք դուրս են մնում աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանությունից։
Ճգնաժամային իրավիճակներում՝ լինի դա կլիմայական աղետների, աշխարհաքաղաքական անկայունության, տնտեսության անկման, թանկացումների կամ անհավասարության աճի հետևանքով, տնաշխատները շարունակում են մնալ ամենախոցելիներից, սակայն ամենաքիչ պաշտպանվածներից։ Նրանք օգնում են մեզ մեր ճգնաժամերի ժամանակ, բայց մնում միայնակ՝ իրենց ճգնաժամերը հաղթահարելիս։
Հայաստանում նույնպես տնային տնտեսության աշխատողները խոցելի են, քանի որ չկան բավարար իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն արժանապատիվ աշխատանքային պայմաններ, իրավական և սոցիալական պաշտպանություն։ Հայաստանում տնային տնտեսության աշխատողների և այլ ոչ ֆորմալ աշխատողների իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու, ինչպես նաև նրանց ֆինանսական կայունությունն ապահովելու համար կարևոր են իրավական մեխանիզմների բարելավումը և սոցիալական անվտանգության միջոցների ընդլայնումը։
Կասկած չկա, որ խնամքն ու տնային տնտեսության համար կատարվող աշխատանքը մարդկային գործունեության հիմքում են։ Դրանք ներառում են երեխաների դաստիարակությունը և ուսուցումը, առողջական խնդիր ունեցողների և տարեցների խնամքը, այգիների մշակումը, ինչպես նաև կարուձևի, եփելու և մաքրության ծառայությունները։ Հենց այս աշխատանքների կատարման շնորհիվ ենք կարողացել առաջ գնալ և այսօր էլ հաղթահարել առկա դժվարությունները։
Խնամքը մեր հասարակության գործունեության հիմքում է, սակայն խնամքի օրակարգը և տնային տնտեսության համար կատարվող աշխատանքը երկար ժամանակ անտեսվել են մեր տնտեսական և սոցիալական քաղաքականություններում։ Արդյունքում խնամքի ոլորտի շատ աշխատողներ, հատկապես տնային տնտեսության աշխատողները, իրենց գործը կատարում են դժվարին պայմաններում՝ ցածր աշխատավարձով, առանց աշխատանքային և սոցիալական պաշտպանության, և առանց միավորվելու ու համատեղ բանակցելու հնարավորության։
Գործողության կոչ
Տնային տնտեսության աշխատողների համար ապահովելով արժանապատիվ աշխատանք՝ մենք կարող ենք նպաստել հասարակության անվտանգությանը և կայուն աջակցությանը՝ այդ թվում նաև ճգնաժամային իրավիճակներում։ Կառավարությունները կարող են ընդունել որոշումներ, որոնք կպարտադրեն վճարել նվազագույն աշխատավարձ տնային տնտեսության աշխատողներին, ապահովել նրանց աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանությունը։ 189-րդ Կոնվենցիայի վավերացումը նույնպես կարևոր քայլ է կառավարությունների համար՝ ապահովելու խնամքի ոլորտի աշխատողների արժանապատիվ աշխատանքը, սոցիալական պաշտպանությունը և միավորվելու իրավունքը։ Արհմիությունները կարող են միավորել տնային տնտեսության աշխատողներին՝ պահանջելու ավելի ուժեղ իրավական պաշտպանություն։ Գործատուները կարող են ստեղծել կազմակերպություններ՝ պաշտպանելու իրենց շահերը տնային տնտեսության համար կատարվող աշխատանքի ոլորտում՝ վստահ լինելով, որ արդար վարձատրությունը և արժանապատիվ աշխատանքային պայմաններն ապահովված են։ Հասարակությունները կարող են վերաիմաստավորել խնամքի և տնային տնտեսության համար կատարվող աշխատանքը՝ դիտարկելով այն ոչ միայն որպես մասնավոր գործ տնային տնտեսության ներսում, այլ որպես շարժիչ ուժ տնտեսության համար։
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը պատրաստ են աջակցել Հայաստանին տնային տնտեսության աշխատողների աշխատանքային պայմանների բարելավման գործում։ Սա ներառում է ազգային օրենսդրության համապատասխանեցումը ԱՄԿ չափորոշիչներին (Կոնվենցիա №189) և տնային աշխատանքի ճանաչումը որպես ֆորմալ զբաղվածություն՝ աշխատանքային իրավունքների և սոցիալական լիարժեք պաշտպանությամբ։ Սա ներառում է գրավոր պայմանագրերի խրախուսումը, հարկային ընթացակարգերի պարզեցումը, սոցիալական արտոնությունների հասանելիության ընդլայնումը, աշխատավայրում առողջության և անվտանգության ապահովումը, ինչպես նաև վերահսկողության ուժեղացումը։ Իրազեկվածության բարձրացումը, արհմիությունների ձևավորմանն աջակցումը և հմտությունների զարգացումը կխթանեն տնային տնտեսության աշխատողների հզորացմանը և կբարելավեն նրանց ծառայությունների որակը։ Համապարփակ և իրավունքահեն մոտեցումը ոչ միայն կպաշտպանի աճող և հիմնականում կանանցից բաղկացած տնային աշխատուժը, այլև կբարձրացնի արժանապատիվ տնային տնտեսության համար կատարվող աշխատանքի արժեքը Հայաստանում։
Տնաային տնտեսության աշխատողների իրավունքների պաշտպանությունը բարեգործական գործունեություն չէ. այն ռազմավարական ներդրում է ավելի արդար և ավելի կայուն ապագայի համար։ Տնաային տնտեսության աշխատողների համար արժանապատիվ աշխատանքի ապահովման ուղին երկար է, բայց այն սկսվում է գործողությունից։
Եկեք համախմբվենք և միավորենք մեր ջանքերը՝ ճանաչելու այն հսկայական արժեքը, որ տնային տնտեսության համար կատարվող աշխատանքը տալիս է մեր հասարակություններին, մեր կյանքին և գլոբալ տնտեսությանը՝ միաժամանակ պարտավորվելով ապահովել արժանապատիվ աշխատանքային պայմաններ և իրավունքների պաշտպանություն բոլոր նրանց համար, ովքեր հոգ են տանում մեր մասին։
Կաորի Իշիկավան Վրաստանում ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչն է և Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատասխանատուն։
Միխայիլ Պուշկինը Աշխատանքի միջազգային կազմակերպության արժանապատիվ աշխատանքի թիմի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրենն է։