Applying the G20 Training Strategy in Armenia (Phase 2)

Հայաստանը մեկնարկեց հմտությունների զարգացման կառավարման առաջին աշխատաժողովը

ԱՄԿ «Մեծ քսանյակի (G20) ուսուցման ռազմավարության կիրառումը. ԱՄԿ և ՌԴ գործընկերություն» ծրագրի (2րդ փուլ) շրջանակներում տեղի ունեցած աշխատաժողովը առաջին է կարողությունների զարգացման միջոցառումների շարքում, որն ուղղված է Հայաստանում հմտությունների զարգացման կառավարման ոլորտում ազգային կարողությունների հզորացմանը:

Article | Yerevan, Armenia | 27 July 2018
Երևան, Հայաստան (ԱՄԿ նորություններ) Աշխատաժողովը առաջին է կարողությունների զարգացման միջոցառումների շարքում, որն ուղղված է Հայաստանում հմտությունների զարգացման կառավարման ոլորտում ազգային կարողությունների հզորացմանը: Այն տեղի ունեցավ 2018թ. հուլիսի 27-ին ԱՄԿ «Մեծ քսանյակի (G20) ուսուցման ռազմավարության կիրառումը» ծրագրի շրջանակներում:
Աշխատանքային հանդիպմանը ներկայացվեց հմտությունների զարգացման կառավարման հիմնական սկզբունքները, ազգային առկա իրավիճակը, գոյություն ունեցող մարտահրավերները և Հայաստանում հմտությունների զարգացման քաղաքականության բարելավմանն ուղղված հնարավոր լուծումները:

Աշխատաժողովի մասնակիցները ներկայացնում էին պետական ատյանները, ԱՄԿ գործընկեր կազմակերպությունները, սոցիալական և զարգացման ոլորտների կազմակերպությունները, Հայաստանի հետազոտական համայնքը և այլն: Աշխատանքային հանդիպման ընթացքում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը, ՀՀ ԿԳՆ ՄԿՈւ վարչության պետը, ՄԿՈւ զարգացման ազգային կենտրոնի տնօրենը, Ուսուցման ազգային հիմնադրամի տնօրենը, Զբաղվածության պետական գործակալության բարձրաստիճան պաշտոնյաները, Արհմիությունների կոնֆեդերացիայի, Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները և զարգացման ոլորտի գործընկերները բացահայտեցին Հայաստանում հմտությունների համակարգի կառավարման հիմնական խոչընդոտները և ներկայացրեցին հմտությունների զարգացմանն ուղղված հետագա հիմնավոր քայլերը:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ ՄԿՈւ ոլորտում առկա սոցիալական գործընկերության զարգացումը Հայաստանում հմտությունների զարգացման պատշաճ կառավարման խթանման միջոցներից մեկն է, որը հնարավոր է իրականացնել արդյունավետ մեխանիզմների և գործիքների միջոցով, որոնք կնպաստեն աշխատաշուկա նոր մուտք գործողների վերապատրաստման բարենպաստ պայմանների ստեղծմանը:

ՀՀ ԿԳՆ ՄԿՈւ վարչության պետ Արտակ Աղբալյանն ընդգծեց նախնական և միջին մասնագիտական կրթության որակավորումների հավաստման կարևորությունը՝ աշխատուժի պատշաճ որակը ապահովելու համար:

Ուսուցման ազգային հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանը կարևորեց Հայաստանում հմտությունների զարգացման կառավարման ոլորտի հաստատությունների դերը և հրավիրեց շահագրգիռ կողմերին փոխշահավետ կայուն համագործակցության՝ հմտությունների զարգացման կառավարման բոլոր մակարդակներում տարանջատված և կարճաժամկետ առկա միջամտությունների փոխարեն:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ուսումնական կենտրոնի ղեկավար Գառնիկ Վաղարշակյանը նշեց ոլորտային հմտությունների կառավարման կարևորության մասին և առաջարկեց վերանայել 2012թ. ՀՀ կառավարության կողմից հայտարարված արտահանման մեծ ներուժ ունեցող գերական տնտեսական ոլորտները, որպեսզի առկա ջանքերն ուղղվեն այսօր համարվող առաջնային ոլորտներ:

Այս համատեքստում, «Մեծ քսանյակի (G20) ուսուցման ռազմավարության կիրառումը» ծրագիրը հնարավորություն ստեղծեց ճանաչելու հմտությունների զարգացման կառավարման ոլորտում մի շարք արդյունաբերական զարգացած երկրների հաջողված փորձը: Այն նաև տրամադրեց հարթակ քննարկելու խնդիրը առկա ազգային և միջազգային փորձի լույսի ներքո, տեղական հաստատությունների դերը, ինչպես նաև վերջերս մշակված 2018-2022թթ. ՄԿՈւ ռազմավարության, 2018թ. մարտին ընդունված ՄԿՈւ ոլորտում Սոցիալական գործընկերության հայեցակարգի և 2018 ներկայացվելիք Զբաղվածության ռազմավարության կարևորությունը:

Քննարկման եզրափակիչ փուլում, որը նվիրված էր Հայաստանում հմտությունների զարգացման պատշաճ կառավարման հիմնական խոչընդոտների բացահայտմանը և առկա մարտահրավերների հաղթահարման հնարավոր լուծումների տրամադրմանը, մասնակիցները բացահայտեցին առկա խնդիրները և կատարեցին դրանց լուծման առաջարկները, հաշվի առնելով Հայաստանում հմտությունների զարգացման կառավարման ազգային, տարածաշրջանային և ոլորտային մակարդակները:

Բոլոր խոսնակները շեշտեցին աշխատաժողովի դերը՝ համաշխարհային փորձի ուսումնասիրման և ազգային իրականության վերլուծության միջոցով հմտությունների զարգացման ոլորտում քաղաքականություն մշակողների գիտելիքների և կարողությունների բարելավման առումով:

Աշխատանքային հանդիպումը նաև բացառիկ հնարավորություն էր լսելու և փոխանակելու հմտությունների զարգացման կառավարման ոլորտի հարցերն ու մտահոգությունները: Բաց քննարկումները, մտքերի վառ փոխանակումները և ակտիվ լսումները էապես նպաստեցին ռազմավարական մտածողության և հմտությունների զարգացման ոլորտի տարբեր կողմերի դերերի և պարտականությունների հստակ պատկերացմանը:

Մեր աշխատանքի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք www.ilo.org/g20ts